Հանդիպում անիմատոր՝ Նառառա Մուրադյանի հետ

Քոլեջի վերնատանը տեղի ունեցավ հետաքրքրիր հանդիպում անիմատոր՝ Նառառա Մուրադյանի հետ։

Հանդիպմանը սիրով միացանք հյուսիսային դպրոցի՝ անիմացիայի ընտրության խմբի երեխաները նույնպես։ Հետաքրքիր մասնագիտական զրույց ստացվեց, որը միտում ուներ մոտիվացնել ուսանողներին և աշակերտներին հետագա գործունեության համար։

Երեխաների արձագանքը և վերլուծական մտքերը հաշվի առնելով կփաստեմ, որ հանդիպումը շարժառիթ հանդիսացավ նոր գաղափարների զարգացման համար։

Հատված մասնագետի կյանքից՝ (հղում)

Ամենամեծ երջանկությունն աշխատանքն է: Այն ընթացքը, երբ դեռ չգիտես ինչ ես անելու, բայց ձեռքերդ արդեն նկարում են: Ես մատներով եմ նկարում` յուղաներկով, ապակու վրա: Վերջին մուլտս այդպես եմ նկարել: Դա մեծագույն երջանկություն է` ինչպես երեխա ժամանակ ցեխով խաղալը: Ընդհանրապես, մանկության ժամանակ ինչից հաճույք եմ ստացել, աշխատում եմ ունենալ հիմա էլ: Թող ցեխի փոխարեն յուղաներկ լինի: Բայց այն զգացողությունը, որ մատներով ինչ-որ բան ես ստեղծում, ինձ շատ մեծ հաճույք է պատճառում: Ու կարևոր է, որ նախօրոք ծրագրած չլինես էդ գործը, այլապես գործն արդեն դառնում է պարտք: Պիտի հանկարծակի  խթան լինի, ու դու սկսես էդ գործն անել: Հետո դա սցենարի է վերածվում, ինչն էլ նոր ֆիլմի հիմք է դառնում: Մուլտ նկարելիս երբեք որևէ երեխայի մասին չեմ մտածում և ոչ էլ մուլտը նվիրում եմ որևէ կոնկրետ երեխայի, ինչպես երեխան խաղալիս ինչ-որ մեկի համար չի խաղում և ոչ էլ իր խաղը նվիրում է որևէ մեկին: Մուլտ նկարելը խաղ է, մեծ խաղ: Խաղալիս դու մենակ ես: Դրա համար էլ ես մենակ եմ նկարում ֆիլմերը, չեմ կարողանում խումբ ստեղծել: Դա էնքան էլ լավ չի, որովհետև, օրինակ, հրաշալի անմիատորներ կան: Բայց ինձ համար դժվար կլինի աշխատել ուրիշի հետ, որովհետև անելու ընթացքում եմ պատկերացնում շարժումը, հասկանում, թե ով է հերոսը:

Оставьте комментарий